Search

Համերգ՝ նվիրված «ՄԱՍՈՒՆՔ» համույթի ստեղծման 30-ամյակին

Մասունք առ մասունք հավաքված՝ հայ ժողովրդական պարարվեստի նմուշները ներկայացրեց «ՄԱՍՈՒՆՔ» համույթը, որի ստեղծման 30-ամյակին և գործունեության վերսկսման հնգամյակին էր նվիրված հունվարի 24-ի երեկոյան Երևանում կայացած համերգը: Համույթը կազմավորված է հայկական պարին սիրահարված մարդկանցից, որոնց միավորում է հայ պարեղանակներն ու պարի մշակույթը արդի կյանքում վերընձյուղելու, մեր կենցաղ ներմուծելու գաղափարը: Համույթում երգող-պարողները տարբեր մասնագիտութունների տեր անձինք են: Երեսուն տարի առաջ էլ համարյա նույնագաղափար մարդիկ միավորվեցին՝ կազմելով «ՄԱՍՈՒՆՔ», իսկ ազգագրական երգի-պարի խմբի, այսպես կոչված, «գաղափարական հայրը» Ռուդիկ Հարոյանն էր, որ իր կամոք մինչ այդ շրջելով Հայաստանի տարբեր շրջաններում, ինչպես նաև՝ Հայաստանից դուրս, հավաքել, տեսագրել, արձանագրել էր զանազան պարեղանակներ ու պարեր, զբաղվել մի անչափ շնորհակալ գործով, որ հավասարազոր է բանահավաքչությանը, և որը մենք կկոչենք «պարահավաքչություն»:


#Մասունքհամույթ #Ազգայինպարարվեստ