Search

Կորոնավիրուսի համավարակի պայմաններում /Ինքնազբաղ/անկախ ստեղծագործողների մասնագիտական գործունեության



ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ազդարարում է մշակութային դրամաշնորհային ծրագրի մեկնարկը, որը միտված է կորոնավիրուսի տարածման և դրա հետևանքով ստեղծված արտակարգ պայմաններում Հայաստանի Հանրապետության մշակույթի և ստեղծարար ոլորտների ինքնազբաղ ստեղծագործողների գործունեության շարունակականությունն ապահովելուն:





Մրցույթը կազմակերպվում է հետևյալ ոլորտներում՝

  1. Ժամանակակից արվեստ (թատերարվեստ, երաժշտարվեստ, պարարվեստ, փերֆորմանս, կերպարվեստ, տեսարվեստ (վիդեոարտ), լուսանկարչություն, ինստալյացիա)

  2. Կիրառական արվեստ (ձեռարվեստ, ժողովրդական արվեստ և արհեստ),

  3. Գրականություն

Մրցույթի անվանակարգերը՝

  1. Մշակութային նախագծեր և միջոցառումներ (ժամանակակից արվեստ)

  2. Մշակութային նախագծեր և միջոցառումներ (կիրառական արվեստ, գրականություն)

Յուրաքանչյուր անվանակարգում հայտի ներկայացման և մրցույթի մասնակցության համար, բացի մրցույթի ընդհանուր պայմաններից, սահմանված են նաև չափորոշիչներ:

Մրցույթի մասնակցության կարգը և պայմանները

Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ-ում գրանցված մշակութային և ստեղծարար գործունեությամբ զբաղվող իրավաբանական (ՓԲԸ, ՍՊԸ, ՀԿ, Հիմնադրամ) և ԱՁ միջոցով հայտատու ինքնազբաղ արվեստագետները, որոնք՝

  1. հայտը ներկայացնելու օրվա դրությամբ վերջին 12 ամիսների ընթացքում չունեն հարկային ժամկետանց պարտավորություններ

  2. հայտը ներկայացնելու օրվա դրությամբ չունեն ֆինանսական և բովանդակային հաշվետվությունների չիրականացված պարտավորություններ ՀՀ ԿԳՄՍ նախարարության նկատմամբ (ինչպես նաև՝ նախկինում ՀՀ մշակույթի նախարարության)

  3. մշակույթի ոլորտի պետական կամ համայնքային կառույցների աշխատակիցներ չեն

  4. 2018-2019 թթ. վարել են ակտիվ ստեղծագործական գործունեություն, որը կարող են հավաստել համապատասխան փաստաթղթերով:

Չեն կարող մասնակցել ՊՈԱԿ-ներ և ՀՈԱԿ–ներ և այն կազմակերպությունները, որոնք 2020 թվականի ընթացքում իրականացրել են միջոցառումներ և նախագծեր ՀՀ ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհների շրջանակներում:

Մրցույթի մասնակցության փաթեթը ներառում է՝

  1. Հայտաձև՝ համաձայն ձևաչափի (Ձև N 1)

  2. Նախահաշիվ՝ համաձայն ձևաչափի (Ձև N 2)

  3. Կազմակերպության կանոնադրության և պետական ռեգիստրի վկայականի պատճենները

  4. Տեղեկանք հարկային ծառայությունից՝ հարկային պարտավորություններ չունենալու վերաբերյալ

  5. Տեղեկանք նախագծի իրականացման շուրջ համագործակցող կողմերի մասին

  6. Ծրագրին առնչվող նյութեր (առկայության դեպքում)՝ լուսանկարներ, տեսանյութեր, ձայնագրություններ, էսքիզներ

  7. 2018-2019թթ. հայտատուի ստեղծագործական գործունեությունը հավաստող փաստաթղթեր, նյութեր

Հայտադիմումը պետք է լրացվի հայերեն: Կից փաստաթղթերը պետք է լինեն հայերեն կամ հայերեն թարգմանությամբ:

Հայտադիմումի փաթեթը ներկայացվում է նախարարություն թղթային տարբերակով և էլեկտրոնային կրիչով (էլեկտրոնային նյութերի առավելագույն ծավալը 20 MB)՝ և ընդունվում է մինչև հայտերի ընդունման ժամկետի ավարտը:

Մասնակիցը չի կարող նույն անվանակարգում ներկայացնել մեկից ավելի հայտ: Անվանակարգին չհամապատասխանող և թերի լրացված հայտերը մերժվում են:

Հայտերը պետք է ներկայացնել բացառապես փակ ծրարով, որտեղ պետք է ներռված լինեն անհրաժեշտ փաստաթղթային փաթեթը և էլեկտրոնային կրիչը՝ ամբողջական փաթեթի էլեկտրոնային նյութերով:

Փակ ծրարի վերևի աջ անկյունում նշել միայն 5 նիշից բաղկացած ցանկացած թվային կոդ և անվանակարգը (Հայտատուին, կազմակերպությանը, նախագծին վերաբերող տվյալներ չնշել):

Մրցույթին ներկայացված հայտերը վերադարձման ենթակա չեն: Մրցույթի մասնակիցը կամ նրա լիազորած անձը հայտը հանձնելիս ստանում է համապատասխան ստացական: Հայտերն ընդունվում են.

  1. Մշակութային նախագծեր և միջոցառումներ (ժամանակակից արվեստ) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժամանակակից արվեստի վարչություն Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010) 599-631

  2. Մշակութային նախագծեր և միջոցառումներ (կիրառական արվեստ, գրականություն) ՀՀ ԿԳՄՍ նախարարության ժառանգության և ժողովրդական արհեստների վարչություն Հասցե՝ ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ. (010) 599-629

Մրցույթի իրականացման ժամանակացույցը

Մրցույթի մեկնարկ 05.08.2020 Հայտերի ներկայացման վերջնաժամկետ 20.08.2020

Մրցույթի արդյունքների հայտարարումը կտեղեկացվի լրացուցիչ՝ ՀՀ-ում կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման համալիր միջոցառումների իրականացմամբ պայմանավորված:

Հայտերի գնահատում

Հայտերը քննում և գնահատում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանով ստեղծված մասնագիտական հանձնաժողովը:

Հայտերի գնահատումն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հրապարակած մրցույթով սահմանված կարգով՝ ըստ հանձնաժողովի մշակած չափորոշիչների։

Ըստ այդմ՝ առաջնահերթություն է տրվելու այն հայտերին՝

  1. որոնց իրականացման ժամանակ առավելագույնս է հնարավոր պահպանել պարետատան ցուցումները,

  2. որոնք չեն ենթադրում զանգվածային հաղորդակցություն, ունեն բացօթյա կամ առցանց իրականացման հնարավորություն,

  3. չեն կարող թերակատարվել կամ չիրականացվել համաճարակի հավանական զարգացումների հետևանքով,

  4. միջազգային համագործակցության բաղադրիչն իրականացնում են առցանց գործիքներով՝ նվազագույնս նախատեսելով միջազգային տեղաշարժ,

  5. որոնց շրջանակում իրականացվող միջոցառման թիրախային (հանդիսատեսային և մասնակցային) խմբերը չպետք է ներառված լինեն ռիսկային գոտում։

Սույն դրամաշնորհի շրջանակում չեն կարող ֆինանսավորվել հրատարակման և կինոարտադրության նախագծերը։

Ծրագրի տևողությունը և բյուջեն

Դրամաշնորհը տրվում է ընթացիկ տարվա համար։ Պայմանավորված ուղղությամբ, ներկայացված բյուջեի ծավալներով՝ ծրագրերը կարող են ֆինանսավորվել մասնակի կամ ամբողջապես։

Ներկայացված ծրագրի նախահաշվում չեն կարող ընդգրկվել շինարարական (վերանորւգման) կապիտալ և հյուրասիրությունների ծախսեր, ինչպես նաև շահույթ ենթադրող ծախսային ուղղություններ:



Հայտաձև 1


Հայտաձև 2


Չափորոշիչներ-Ժամանակակից արվեստ


Չափորոշիչներ-Կիրառական արվեստ, գրականություն



Թեժ գիծ

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am