Search

Կոմիտասի 150-ամյակը կնշվի բազմաբովանդակ ծրագրերի իրականացմամբ

Ս. թ. հունվարի 29-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ մամուլի ասուլիս՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակի հոբելյանական միջոցառումներին: Մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանը, Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը, Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Կոստանդյանը, Ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանն իր խոսքում նշեց, որ 2019 թվականը հոբելյանական տարի է ողջ հայ ժողովրդի համար, քանզի այս տարի լրանում է ամենայն հայոց երկու մեծությունների՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյակները: Այս կարևոր իրադարձություններին ընդառաջ՝ 2017 թվականին հայտ էր ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում նշված հոբելյաններն ընդգրկելու վերաբերյալ, ինչը 2017 թվականի նոյեմբերին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում արժանացել է հավանության: Այդպիսով, Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված՝ «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի՝ Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», և Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1869-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ընդգրկվել են «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում:

Անդրադառնալով, հոբելյանական հանձնաժողովի կողմից կազմված միջոցառումների ցանկին Նազենի Ղարիբյանը հավելեց. «Հոբելյանական միջոցառումների ցանկում ընդգրկված են տարբեր ծրագրեր: Հիմնականում նախատեսված են համերգային ծրագրեր, փառատոներ, ցուցահանդեսներ, գիտաժողովներ՝ ՀՀ-ում և արտերկրում: Կլինեն հոբելյանական հրատարակություններ, կթողարկվեն ձայնասկավառակներ, կպատրաստվեն, կհեռարձակվեն հեռուստահաղորդումներ և հոլովակներ, կկազմակերպվեն կրթական ծրագրեր և այլն: Միջոցառումները ընդգրկուն են և նպատակուղղված են լինելու երկու հզորագույն մտավորականների ստեղծագործական ժառանգությունը և հասարակական գործունեությունը նորովի ներկայացնելուն»: ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց նաև, որ այս միջոցառումների գերակշիռ մասի կազմակերպչական աշխատանքները կիրականացնեն Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, Հովհաննես Թումանյանի թանգարանը, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և շահագրգիռ հասարակական կազմակերպությունները:

«Կոմիտասի թանգարան-ինստիտուտը 2019 թվականին Կոմիտասի 150-ամյա հոբելյանին նախապատրաստվել է բոլոր ուղղություններով. համերգային, գիտական, հրատարակչական, կրթական, իհարկե՝ միջոցառումների շարքում իր ուրույն տեղը կունենա Կոմիտաս միջազգային գիտաժողով-փառատոնը»,- Կոմիտասի թանգարան-ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումները ներկայացրեց թանգարանի տնօրեն Ն. Կոստանդյանը՝ վստահեցնելով, որ թանգարնն այս բազմաթիվ ծրագրերը կիրականացնի հավուր պատշաճի:

Հայաստանի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար Վահրամ Կաժոյանն անդրադարձավ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններն ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների» օրացույցում ընդգրկելու գործընթացին, հավելելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործընթացի համաձայն յուրաքանչյուր երկիր որևէ հայտ ներկայացնելուց առաջ պետք է ունենա երկու այլ երկրների ազգային հանձնաժողովների աջակցությունը՝ այդ հայտը օրացույցում ընդգրկելու համար: «Բնականաբար մեր առաջին նախընտրությունը Ֆրանսիան էր, այնուհետև՝ Գերմանիան, որտեղ Վարդապետը սովորել և ստեղծագործել է: Ստանալով երկու ազգային հանձնաժողովների աջակցությունը՝ այն ներկայացվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի քարտուղարություն: Վերջնական որոշումը կայացվել է Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանում՝ արժանանալով հավանության»,- եզրափակեց Վահրամ Կաժոյանը:

«Այս ամենը նախերգանքն է Գերաշնորհ Կոմիտաս Վարդապետի հոբելյանին. մեկնարկը կտրվի Վարդապետի շիրիմին այցով, հոգեհանգստյան կարգով և հանդիսավոր միջոցառմամբ: Այս հոբելյանի պատգամն է, որ մեր հանրությունը, հատկապես գալիք սերունդը Կոմիտասի երաժշտությամբ, կերպարով ճանաչի ինքն իրեն և կարողանա պահպանել այն ամենը՝ ինչը հազարամյակների ժառանգություն է ստացել մեր փառապանծ ազգը»,-նշեց Մայր Աթոռի ձեռագրատան, արխիվի և թանգարանների տնօրեն Տեր Ասողիկ քահանա Կարապետյանը՝ հավելելով, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Վեհափառ Հայրապետի բարձր տնօրինությամբ, նույնպես ստեղծված է հոբելյանական հանձնախումբ, որը համակարգելու է եկեղեցական հանդեսների, նախաձեռնությունների ծրագիրը:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Մհեր Նավոյանը խոսելով հոբելյանական ծրագրերի կազման մասին տեղեկացրեց. «Նախագծերը կազմելիս նկատի է առնվել, որ Կոմիտասի ժառանգությունը սոսկ պատմության նշանակությամբ չէ, որ պիտի երևա: Կոմիտասի երաժշտագիտական մոտեցումներն  այսօր էլ համարվում են հիմք, նրա ստեղծագործական մոտեցումները կամ սկզբունքներն այսօր էլ կարող են մի ամբողջ կոմպոզիտորական դպրոց զինել և ժառանգությունն էլ մինչև այսօր դեռ առիթ է ուսումնասիրությունների և նորովի մեկնաբանությունների»:

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը տեղեկացրեց, որ հոբելյանական տարվա միջոցառումների մեկնարկը կտրվի հունվարի 29-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում՝ Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգային ծրագրով. հանդես կգա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Հովհաննես Չեքիջյան/:

Նշենք, որ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, մամուլի ասուլիսին հաջորդեց՝ քանդակագործ Դավիթ Երևանցու «Կոմիտաս» քանդակի բացման արարողությունը:

http://mincult.am

#Կոմիտասիթանգարանինստիտուտ #ՅՈՒՆԵՍԿՕ #Հայերաժշտարվեստ #Կոմիտաս #ՀովհաննեսԹումանյան

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am