Search

Խեցեգործությունը Հայաստանում

Խեցեգործությունը  (կավագործություն, բրուտագործություն) կավե իրերի պատրաստման արհեստն է, դեկորատիվ-կիրառական արվեստի բաժին. այն կավի ու նրա հանքային հավելանյութերի, նաև օքսիդների և անօրգանական այլ միացությունների թրծումից ստացվող իրերի ու նյութերի պատրաստման արվեստն է:

Հայկական լեռնաշխարհում հայտնաբերվել են մ. թ. ա. VII հազարամյակի քվարցի (որձաքար) խառնուրդով կավե հնագույն իրեր: Մ. թ. ա. IV հազարամյակում հայտնի են դարձել թրծումը, կոպիտ զարդանախշումը, իսկ III հազարամյակում մետաղամշակման զարգացմամբ առաջացել է կրակարանների, ձուլման կաղապարների կիրառման անհրաժեշտությունը: Վաղ բրոնզի դարաշրջանում պատրաստվել են բազմաձև և բազմագույն սափորներ, անոթներ. աստիճանաբար կատարելագործվել է գունավոր խեցեգործությունը, ստեղծվել են փորագրազարդված գործեր: Ավելի ուշ պատրաստվել են կենդանիների ծեփածո պատկերներով և խորաքանդակներով անոթներ, իսկ հելլենական դարաշրջանում տարածվել են թրծակավե փոքրածավալ արձանիկները, բազմաձև անոթները:

VIII դարում Մերձավոր Արևելքում մեծ հեղաշրջում էր ջնարակի գյուտը, որը կիրառվել է նաև Հայաստանում՝ Դվինում, Անիում, Գառնիում: IV–IX դարերի խեցեգործության հազվագյուտ նմուշներ են հայտնաբերվել Դվինում և Զվարթնոցում: XIII դարում այդ արհեստը հասել է կատարելության. պատրաստվել են սկուտեղներ, գավաթներ, կճուճներ և կենցաղային այլ իրեր: IX դարում Հայաստանում զարգացել է հախճապակու արտադրությունը, իսկ XII–XIII դարերում հասել է զարգացման գագաթնակետին: Արտադրվել է գունավոր, թափանցիկ, ջնարակված բարձրորակ հախճապակի: Քաղաքական աննպաստ հանգամանքների պատճառով XIV դարում` անեցիներին, XV դարում նաև Գողթն գավառի Ցղնա գյուղի բնակչությանը տեղահանել, տարել են Թուրքիայի Կուտինա (Քյոթահիա) քաղաք, որը ժամանակի ընթացքում դարձել է խեցեգործական նոր կենտրոն: Կուտինայի խեցեգործական արտադրանքն ունեցել է զուտ հայկական նկարագիր: Հայերի խեցեղեն արտադրանքը զարդարել է եկեղեցիներ,  մզկիթներ, պալատներ, արտահանվել Եվրոպա:

Աղբյուր՝ http://www.encyclopedia.am/pages.php?bId=1&hId=1223

#արհեստներ #խեցեգործություն