Search

Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ՝ ս. թ. հոկտեմբերի 11-ին, ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի Խաչատրյանի անվան  միջազգային 5-րդ փառատոնը։ Փառատոնն անցկացվում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Խաչատրյանի անվան միջազգային 5-րդ փառատոնը մեկնարկում է աննախադեպ համերգային ծրագրով. Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ՝  նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ հանդես կգա Հոլիվուդի լեգենդ, դերասան, սցենարիստ, պրոդյուսեր Ջոն Մալկովիչը: Մալկովիչը կներկայացնի հատված Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելից՝  Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և նվագախմբի համար գրված կոնցերտի ուղեկցությամբ։ Որպես մենակատար հանդես կգա ճանաչված դաշնակահար Անաստասիա Տերենկովան։ Համերգային ծրագիրը կներկայացվի հետաքրքիր ձևաչափով՝ միաձուլելով երաժշտությունը, գրականությունը, ասմունքն ու մեծ դերասանի կատարողական վարպետությունը։ Ջոն Մալկովիչը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը համագործակցության մեծ փորձ ունեն. նրանք համատեղ հանդես են եկել 2015 և 2016 թվականներին Սեուլում և Բուենոս Այրեսում։ Մինչև դեկտեմբերի 11-ը դասական երաժշտության սիրահարներն Խաչատրյանի միջազգային փառատոնի շրջանակում կունկնդրեն բազմաթիվ սիմֆոնիկ և կամերային համերգներ, որոնց ընթացքում կհնչեն պրեմիերաներ։ Կներկայացվեն Սերժ Թանկյանի «Օրկա» սիմֆոնիան, հանդիսատեսի կողմից սիրված ու սպասված «Խաչատրյանը և ջազը» համերգային նախագիծը, հետաքրքիր այլ ծրագրեր։ Հանդես կգան հայտնի արտիստներ՝ դաշնակահարներ Գլորիա Քամփաները, Հայկ Մելիքյանը, Լևոն Կարապետյանը, ջութակահարներ Դավիդ Նեբելը, Մարկ Բուշկովը, մեներգիչ Վլադիմիր Բայկովը (բաս) և այլք։ Նշենք, որ փառատոնը կյանքի է կոչում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍելլ-ՄՏՍ)՝ ՀՀ մշակույթի նախարարության, «Խաչատրյան» հիմնադրամի աջակցությամբ։ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնը նվիրված է Հովհաննես Այվազովսկու 200-ամյա հոբելյանին: Ազդագրերը ներբեռնել այստեղ: