Search

Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը և մշակութային դրսևորումները Հայաստանում

Լավաշ թխելու ավանդույթը տարածված է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, սակայն առավել հաստատուն ավանդույթները պահպանվում են ՀՀ Արարատի, Արմավիրի, Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի գերազանցապես գյուղական բնակավայրերում: Ավելի քիչ տարածված է Հայաստանի հյուսիս-արևելյան (Վրաստանին և Ադրբեջանին սահմանակից) Լոռու և Տավուշի մարզերում: Մայրաքաղաք Երևանում, հաշվի առնելով քաղաքային բնակչության զբաղվածության առանձնահատկությունները՝ տարածված է լավաշի արտադրությունը և վաճառքը՝ ավանդական եղանակների և ձևերի կիրառմամբ: Լավաշի կիրառությունը գրեթե հավասարապես տարածված է ՀՀ ողջ բնակչության մեջ՝ բոլոր շրջաններում։

Լավաշի ծիսական դերը դրսևորվում է հարսանիքի ժամանակ, երբ նորահարսի մուտքը ամուսնու ընտանիք խորհրդանշանական կերպով նշվում է նորապսակ զույգերի ուսերին տան մուտքի դիմաց լավաշ դնելու արարողությամբ: Այս ծեսի նպատակն է այն, որ նոր կազմավորվող ընտանիքը շատ զավակներ ունենա և նորահասի մուտքը բազմապատկի ընտանիքի բարեկեցությունը, քանի որ հասարակական պատկերացումներում լավաշը ունի չարը խափանող, առատություն բերող, մաքրագործող զորություն: Լավաշը բոլոր տոնական և ծիսական հացկերույթների պարտադիր մաս է: Լավաշի՝ հայոց մշակույթում լայն տարածվածության մասին է վկայում նաև ժամանակակից շուկայական ամենա­բազմատեսակ արտադրանքը՝ հարմարեցված տարբեր ճաշատեսակների, տարբեր առիթների ու համային պահանջներին;

Լավաշի պատրաստումը և օգտագործումը ենթադրում է նաև բանավոր ավանդույթների պահպանում և փոխանցում, քանի որ խմորը հունցելուց մինչև թխված լավաշը ուտելը ուղեկցվում է ժողովրդական և կրոնական տարբեր սովո­րություններ ցուցադրող տեքստերով՝ թթխմոր ուրիշին տալու նկատմամբ տարբեր ասույթներ, խմոր պատրաստողների մասին ավանդական գիտելիք, խմորը պատրաստելուց առաջ աղոթք, պատրաստի խմորի վրա խաչ հանել, թոնրի մասին սակրալ պատկերացումներ, հավատալիքներ, թխված առաջին լավաշների հետ կապված ժողովրդական ասույթների, տարբեր բանաձևերիի, հավատալիքների, պատկերացումների ներկայացում, լավաշ թխելու ընթացքում կանանց միջոցով ավանդական երգերի, բանավոր տեքստերի ներկայացում, և այլն:

http://www.unesco.org/culture/ich/en/RL/lavash-the-preparation-meaning-and-appearance-of-traditional-bread-as-an-expression-of-culture-in-armenia-00985