Search

«Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ ան

ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախաձեռնությամբ՝ ս. թ. սեպտեմբերի 9-15-ը, ՀՀ Լոռու, Շիրակի մարզերում և մայրաքաղաքում կանցկացվի «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնը:

Փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25-ամյակին: Այն նպատակ ունի նպաստելու Հայաստանի և Արցախի մշակութային կյանքի աշխուժացմանը, ինչպես նաև ծառայելու մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությանն ու ապագա քաղաքացու ձևավորմանը: Փառատոնին կմասնակցեն տիկնիկային թատրոններ՝ Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Իտալիայից, Հունգարիայից և այլ երկրներից:

Ավանդույթի համաձայն, փառատոնի մեկնարկը կտրվի ՀՀ Լոռու մարզի Դսեղ գյուղում, սեպտեմբերի 9-ին, ժամը 14:00-ին՝ Հ. Թումանյանի հուշարձանին ծաղկեդրման արարողությամբ: Դսեղում փառատոնի մասնակիցները կդիտեն Հ. Թումանյանի «Շունն ու կատուն» տիկնիկային ներկայացումը՝ նվիրված բալլադի 130-ամյակին:

Փառատոնի հանդիսավոր բացումը կկայանա սեպտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին, Գյումրի քաղաքի «Թռչունյան տուն» մանկատանը: Փառատոնի ծրագիրը ներառում է «Երեկոյան ակումբ», որի ընթացքում կկայանան ներկայացումների քննարկումներ, մտքերի փոխանակում, հանրահայտ տիկնիկային գործիչների կողմից կանցկացվեն «Տիկնիկները հանուն խաղաղության», «Տիկնիկային արվեստը և երեխաների ազատ ժամանցի կազմակերպումը», «Երջանիկ մանկություն՝ երջանիկ ապագա» և այլ թեմաներով վարպետության դասեր: Փառատոնի շրջանակում կկազմակերպվեն նաև էքսկուրսիաներ, կցուցադրվեն տեսաֆիլմեր:

Ս. թ. սեպտեմբերի 7-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում՝ «Թումանյանական հեքիաթի օր» տիկնիկային թատրոնների միջազգային 11-րդ փառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիսին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի ժամանակակից արվեստի վարչության պետ Արմենուհի Ղազարյանը, «ՅՈՒՆԻՄԱ-Հայաստան» տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության նախագահ Արմեն Սաֆարյանը:

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am