Search

Թոնրի հայկական դիմագիծը

Վերջերս Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի «Վանքի ձոր» կոչվող տարածքում, ոռոգման ջրագիծ անցկացնելու ժամանակ, շինարարները բլուրը փորելիս հայտնաբերել են հին թոնիր: Այն ամբողջությամբ պահպանվել էր, սակայն, մատնված լինելով անուշադրության, ընթացքում թոնրի մի մասը կոտրվել էր: Մասնագիտական ուսումնասիրության արդյունքում պարզվեց, որ Աստղաձոր գյուղի տարածքում գտնվող թոնիրը ավելի քան 2000 տարվա պատմություն ունի. Սա միակ դեպքը չէ, որ Հայաստանի տարածքում հայտնաբերվել են տարբեր ժամանակահատվածներում պատրաստված թոնիրներ. Հայաստանում թոնիրի վաղ շրջանի նմուշներ հայտնաբերվել են Լճաշենի բրոնզեդարյան դամբարաններում, Արին Բերդ բլուրում, Արտաշատում’ (հացթուխի երկաթագործի թոնիրներ), Դվինում և այլ հնավայրերում։

«Թոնիր» բառի սկզբնաղբյուրը համարվում է շումերերենը՝ թերևս որոշակիորեն աքքադերենի միջնորդությամբ: Թոնիրը’ կավե պատերով գլանաձև վառարան է, սովորաբար գետնափոր։ Վերևի մասում նեղ է, միջնամասում ՝ ուռուցիկ, ներքևում ՝ լայն։ Տարածված է Կովկասում, Միջին Ասիայում, Փոքր Ասիայում, Պարսկաստանում, Հնդկաստանում, Հունաստանում և այլուր։

Թոնիրի ամենատարածված տեսակը ունի 40-60 սմ տրամագիծ, 1,2-1,5 մ խորություն: Օգտագործվում է հաց’ (լավաշ, բոքոն և այլն) թխելու, կերակուր եփելու, կաթնամթերք պատրաստելու, գլխատունը տաքացնելու համար։ Թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է։ Խոնավությունից զերծ պահելու նպատակով թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ՝ թոնրի շուրթերը թմբին հավասար։ Ջերմությունը երկար պահպանելու համար թոնիրը երբեմն պատվում է 20-25 սմ հաստությամբ աղիկամ ավազի շերտով։ Օդի հոսքն ապահովելու և կրակը բորբոքելու նպատակով թոնրի ներքևի մասից խողովակներով կամ սալաքարերով պատրաստված 1,5-3 մ երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես։ Թոնիրները ծածկվել են կավե կամ թիթեղյա կափարիչներով։ Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում։

Հասարակական հացթուխների թոնիրները թեք վիճակով կանգնեցվել են գետնին և հացթուխը կանգնում էր ցածր շուրթի մոտ։ Որոշ վայրերում պատրաստում են թոնիրին կից տախտակապատ փոս, որի մեջ կանգնած ավելի հեշտությամբ են հաց թխում։ Հայաստանի շատ շրջաններում թոնիրը և դրա պարագաները (խաչերկաթ, անթեղ, ակութ և այլն) համարվել են պաշտամունքի առարկաներ։

Թոնիրը և դրա օգտագործումն հանդիպում է մի շարք ժողովուրդների մոտ: «Սակայն հայկական թոնիրի առանձնահատկությունը նրա գետնափոր լինելն է»: Մի շարք երկրներում թոնիրները պատրաստվում են հատակին, իսկ մեզանում այդ խորությունը հատուկ խորհուրդ ունի: Թոնիրը հայերի խոհանոցի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմել դեռեւս հեթանոսական ժամանակաշրջանից, և գետնափոր կրակը արևի պաշտամունք է խորհրդանշել: Մեր տատերը խոնարհվել են դեպի կրակն ու հանապազօրյա հացը պատրաստել:

Հայկական գյուղական կյանքում չի եղել ավելի հաճելի բան, քան նստել հացաբույր թոնրատանը, ճաշակել թարմ լավաշ ու գաթա՝ դեռևս վառվող թոնրի շուրջ, նախշազարդ բրդյա գուլպայով ոտքերը կախել թոնրի վրա, շյուղերով բրդյա հագուստ գործել ու զրուցել: Այդ զրույցներում են ծնվել բարբառային բոլոր համով-հոտով պատմությունները, բառ ու բանը, հեքիաթն ու առակը։ Թոնիրը հենց ի սկզբանե եղել է հաց թխելու հարմարանք, օջախի մի տեսակ, արևի, կրակի խորհրդանիշ և ջերմության աղբյուր։ Առաջին թոնիրների պատերը շարել են շիկահողից, կավահողից, նախ բլիթել և արևի տակ չորացրել են ցեխի ուղղանկյունաձև ողորկ կտորներ, հետո դրանցով երեսպատել նախօրոք կտրված կլոր փոսի ներքին պատերը։ Ամբողջ թոնրատան հատակը սալաքարապատել են։ Հայկական հինավուրց գյուղի բազմաբաժին քարե շենքերի մեջ մտել են թոնրատուն-խոհանոցը, մառանը, ննջարանները, գոմերը, մարագը և այլ սենյակներ։ Թոնրատունը եղել է տան ամենակարևոր բաժանմունքը։ Մեծ հացատան դռան հանդիպակաց ծայրին հաճախ կառուցել են խորանաձև, կրկնակի փոքր մի ենթաբաժին։ Սրա հատակը թոնրատան ընդհանուր մակարդակից մեկ-երկու աստիճանաչափ բարձր է եղել։ Ցածրադիր մեծ մասը կոչվել է «մեծ տուն», իսկ բարձրադիր փոքր մասը՝ «պզտի տուն»։ Փոքր տան կենտրոնում թաղել են մեծ և փոքր թոնիրներ։ Մեծը՝ հաց թխելու, փոքրը ջուր տաքացնելու և կերակուրներ պատրաստելու համար։ Փոքր տուն չունեցողները մեկ ընդհանուր թոնիրը զետեղել են մեծ տան կենտրոնում։

Պատերի մեջ փորել են պահարան- պատրհաններ (աչքունքեր) որոնց մեջ զետեղվում էին խոհանոցային սպասք և հաց թխելու մանր պարագաները՝ տաշտածհան, թթխմորի պուլիկ, աղաման, գրտնակ, տախտակ, խոնչաներ, տաշտ, մեզար և այն։ Մեծ թոնրատան վարագույրով կամ շիրմայով առանձնացված բաժիններում գիշերել են երիտասարդ ընտանիքները։ Ծերերը և երեխաները քնել են թոնրի շուրջ։ Նորապսակների համար կառուցել են առանձին ննջարան։ Բոլոր ննջարանները կապվում են դռնով թոնրատան հետ, որովհետև այն ջերմության հիմնական աղբյուրն էր։ Թոնրատան տանիքը բարձր էր՝ գմբեթաձև երդիկով։ Թոնրատունը նաև խոհանոց էր։ Թոնրի մեջ բացի հաց թխելուց պատրաստել են բազմազան կերակուրներ՝ խորոված (գառ, կաքավ, հնդկահավ, ուլ , խոզի և հորթի միս և այլն), հարիսա (կորկոտ- ձավարով, մսով շիլայանման ճաշ), փլով, ղափամա և այլն: Թխել են տարբեր գաթաներ և թխվածքներ, ծիսական հացեր։ Այն նաև ջեռոցի դեր է կատարել։ Գաղտնիք չէ, որ կենդանի կրակի վրա խորոված ամեն ինչ շատ ավելի համով է և դյուրամարս։ Թոնրատունը եղել է նաև աշխատանոց’ բրդի և կավի մշակման գրեթե բոլոր աշխատանքները կատարվել են այնտեղ։ Նավթավառների և էլեկտրականության ներմուծման շնորհիվ նվազեց թոնրատների դերը, նրանք վերածվեցին հացատների։

Հացատան հիմնական կահույքն էր’ բարձրադիր փայտե թախտը, որի վրա հունցում էին, այնուհետև բլիթում խմորը, տախտակե խոնչաները, ծեղհանները, թոնիր-խառնիչը, հաց-հանիչը։ Հաց թխելու պրոցեսին մասնակցում էին հիմնականում չորս հոգի, մնացածները զրուցողներ և օգնողներ էին, նաև հյուրասիրվողներ։ Գործընթացի ղեկավարը’ հացթուխն էր, օգնողներից մեկը բացում էր գունդը (լավաշը՝ գրտնակով, իսկ կլոր հացը՝ ձեռքով) և մատուցում թխողին, երկրորդը հետևում էր, որ հացը չլինի «թեժաթուխ» կամ «ետուատոր» (այսինքն ոչ շատ կարմրի կամ վառվի, ոչ էլ մեջը մնա հում, չթխված), պատին կպած հացը չընկնի թոնրի մեջ, իսկ երրորդը թխած հացերը հանում էր, դարսում մաքուր սփռոցով ծածկված փայտե հարմարանքի վրա։ Բոլորը ենթարկվում էին հացթուխի հրահանգներին։ Երբ ցախով վառած կրակը թուլանում էր, պողը հավաքում էին թոնրի մեջտեղում, պատերին ջուր շպրտելով թրջում, հացթուխը բացած խմորագնդերը մեկ-մեկ դնում էր հատուկ հարմարանքի՝ տեփի (թըմփ բնաձայնից) վրա և կպցնում պատին։

Դարեր շարունակ հայկական կենցաղում հացահատիկի տարբեր տեսակներից թխած հացը կամ լավաշը հիմնական սնունդ էր։ Հնում հացարարը կամ հացթուխը, անձեռնմխելի մարդ էր համարվում։ Ոչ մի հաղթող, արյունակից թե այլազգի, չի սպանել հաց թխող մարդուն։ Այդ պատճառով թշնամու հարձակման ժամանակ հացարարները ոչ երկյուղում էին մահից, ոչ էլ մտածում իրենց կյանքը փրկելու համար թաքնվել կամ փախչել։

Ժողովրդական ավանդությունը պատմում է, որ շատ ու շատ հազար տարիներ առաջ Մեծամորի ձուլարաններում վահանաձև «սաջեր» (պողպատե ողորկ հարմարանք կրակի վրա դնելու համար) էին կոփում-պատրաստում և բաժանում Հայոց աշխարհի բոլոր բնակիչներին։ Ամեն մարդ իր հացը սաջի վրա էր թխում։ Մի անգամ Ասորեստանի Սև արքան նվաճեց Հայոց աշխարհը և բնակիչներին միանգամից վերջ տալու նպատակով հրամայեց հավաքել բոլոր սաջերը։ Սարսափած մարդիկ սաջերը հանձնեցին ահասարսուռ, գլխատմամբ սպառնացող զորականներին, բայց չգիտեին, թե այնուհետև ինչ պիտի անեն։ Հենց այդ ժամանակ էլ օգնության հասավ ժողովրդական հնարամտությունը, և հայերը որոշեցին տներում կավից գետնափոր փուռ՝ թոնիր սարքել, որը չի կարող խլել ոչ մի դաժան բռնակալ։ Ասորեստանի Սև արքային թվաց, թե թոնրի հացով հայերը երկար չեն ապրի։ Բայց թոնիրը մինչև այսօր էլ պահում է Հայոց աշխարհը։

Առաջներում անգամ պսակադրություն էին անում թոնրատանը։ Աղջիկն ու փեսան ձեռք-ձեռքի տված պտտվում էին թոնրի շուրջ, ապա համբուրվում։ Հետո աղջիկը հայրական թոնրից մի բուռ մոխիր էր վերցնում ու լցնում գրպանը։ Երբ մտնում էին փեսայի տուն` հարս ու փեսա նախ երեք անգամ պտտվում էին կրակարանի ու թոնրի շուրջ, ապա չոքում, համբուրում կրակարանն ու թոնիրը։ Հարսը հոր տնից բերած մոխիրը թափում էր թոնրի մեջ, և մինչև մահ կապվում այդ սրբազան օջախին։ Այսօր ինչ-որ չափով նվազել է թոնրի դերը հայկական կենցաղում, սակայն գյուղական վայերում այն դեռևս մնում է որպես հացի արարման հնոց, հարևան ու բարեկամ կանանց հավաքատեղի, պատառ կիսելու, բամբասելու, բացատրվելու և տաքանալու վայր։ Եթե բախտի բերումով հայտնվեք հայկական որևէ գյուղում, թարմ հացի զգլխիչ բույրով կարող եք գտնել թոնրատան տեղը և համարձակ ներս մտնել։ Համոզված եղեք, որ կճաշակեք անուշաբույր լավաշի և քաղցր զրույցի անկրկնելի համը….

Նյութի աղբյուրը՝  http://peoplemedia.am/tonri-haykakan-dimagicy/

#ավանդույթներ #թոնիր #Հայկականավանդականուտեստներ #հայկականկենցաղ