Search

«Էպոսյան օրեր» փառատոնի էպոսասացության մրցույթն անցկացվեց Գավառի երկրագիտական թանգարանում

«Սասունցի Դավիթ» էպոսին նվիրված «Էպոսյան օրեր» փառատոնի էպոսասացության մրցույթն անցկացվեց Գավառի երկրագիտական թանգարանում։

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը ս. թ. օգոստոսի 5-ին, Գավառի երկրագիտական թանգարանում անցկացրել է «Էպոսյան օրեր» ավանդական փառատոնի էպոասասացության մրցույթը, որին մասնակցել են դպրոցականներ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի և Շիրակի մարզերից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից:

2011 թվականից անցկացվող փառատոնն առաջին երկու տարիներին իրականացվել է ՀՀ Արագածոտնի մարզում, իսկ 2013 թվականից ձեռք է բերել հանրապետական ձևաչափ՝ ընդգրկելով ՀՀ բոլոր մարզերը: Այս տարի փառատոնի հանրապետական փուլն անցկացվել է Գեղարքունիքի մարզում՝ նախորդ տարիներին փառատոնին մարզի դպրոցականների ակտիվ մասնակցության շնորհիվ: Մրցույթին մասնակցել են 7-16 տարեկան 25 դպրոցականներ, որոնք տարբեր հատվածներ են ներկայացրել «Սասունցի Դավիթ» էպոսից: Փառատոնին կատարողական ինքնատիպությամբ հատկապես աչքի են ընկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հինգ դպրոցականները, որոնք փառատոնի առաջատար են ճանաչվել և հատուկ մրցանակ ստացել, իսկ անհատական արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրել է Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Սիմոնյանը, 2-րդ տեղը` Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Բադալյանը: 3-րդ մրցանակային տեղը շնորհվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի N 1 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Ավետիսյանին և Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Մարդոյանին:

Փառատոնի բոլոր մասնակիցներն արժանացել են պատվոգրերի և խրախուսական այլ պարգևների: