Search

«Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի մեկնարկն ազդարարվեց

«Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի մեկնարկն ազդարարվեց։ Ս. թ. հուլիսի 19-23-ը Հայաստանում են գտնվում «Եվրոպա Նոստրա» կազմակերպության և Եվրոպական ներդրումների բանկ-ինստիտուտի մի խումբ փորձագետներ՝ պաշտոնապես ազդարարելու ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացվող՝ «Եվրոպա Նոստրա» կազմակերպության «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում ընդգրկված«Երերույ­ք-­Անի­պեմզա»ծրագրի մեկնարկը: Այդ կապակցությամբ՝ ս. թ. հուլիսի 22-ին, Հա­յաստանի ազգային գրադարանում կայացավ մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը, «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտան­գ­ված» հուշարձաններ ծրագրի հիմնադիր, խորհրդի անդամ Գայ Կլաուսը, գի­տական խորհրդի անդամներ Պաոլո Վիտտին և Վիսնյա Կիսիչը, Եվրոպական ներ­դրման բանկի անդամ Մարիա Բերժան, «Մշակութային ժառանգու­թյան պահ­պանումը Հայաստանում» ծրագրի ղեկավար Գայանե Կազնատին:

Ասուլիսին անմիջապես հաջորդեց «Երերույք և Անիպեմզա, անցյալի հիշողություններ, առօրյա կյանք և ապագայի երազանքներ» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի ընթացքում հայտարարված լուսանկարչական մրցույթի, ավելի քան 40 աշխատանք: Մրցույթը բաղկացած էր «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները», «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգերից: Մրցույթի նպատակն էր ներկայացնել Երերույք հնագիտական վայրը և նրա շրջակայքում ապրող մարդկանց, վեր հանել ու արժևորել Շիրակի մարզի այս հատվածի առավել հետաքրքիր բնապատկերները: Ցուցահանդեսի շրջանակում հայտարարվեց մրցույթի հաղթողների անունները. «Հատուկ մրցանակ»` Արթին Մուրադյան, «Պատմական և շրջակա միջավայրի հուշարձանները» անվանակարգ՝ Արտուշ Ավդալյան, «Անիպեմզա բնակավայրն ու նրա մարդիկ» անվանակարգ՝ Լիլիթ Դավթյան: Հաղթողներն արժանացան դրամական պարգևների: Մրցույթին մասնակցած լավագույն լուսանկարները կտեղադրվեն «Երերույ­ք-Անիպեմզա» ծրագրի կայքէջում:

Լուսանկարչական ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո հրավիրվեց «Հայաստանի մշակու­թային ժառանգության պահպանմանն ուղղված նախագծերը, միջոց­ներն ու գաղափարները» խորագրով կլոր սեղանը: Քննարկմանը մասնակցում էին ոլորտի մասնագետներ, շահագրգիռ գերատեսչությունների և Հայաստանում հավատարմագրված միջազգային կազմակեր­պու­թյունների ներկայացուցիչներ: Փորձագիտական խումբը կներկայացնի «Երերույ­ք-­Անի­պեմզա» ծրագրի իրականացման վերաբերյալ իր տեսլականը:

Հիշեցնենք, որ Երերույք հնագիտական հուշարձանը և Անիպեմզա գյուղը` ս. թ. մարտի 16-ին՝ Վենետիկում կայացած «Եվրոպա Նոստրա» մրցանակաբաշխության ժամանակ ներառվել են «7 առավել վտանգված» հուշարձանների ցանկում: Ծրագրի հայտը ներկայացրել է «Եվրոպա Նոստրայի» անդամ՝ Հայկական մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնը:

Նշենք նաև, որ «Եվրոպա Նոստրայի» «7 առավել վտանգ­ված» հուշարձանների ցանկը ձևավորվում է տարբեր ոլորտների միջազգային փորձագետների (պատմություն, հնագիտություն, ճարտարապետություն, պահպանություն, ծրագրերի վերլուծություն և ֆինանսներ) կատարած ուսումնասիրությունների եզրակացությունների հիման վրա: Առավել վտանգված հուշարձանների և տեսարժան վայրերի ցանկում ընդգրկված են նաև եվրոպական 7 երկրից՝ Փաթառեյ ծովային բերդը Տալլինում (Էստոնիա), Հասանքեյֆ հնագույն քաղաքը և շրջակայքը (Թուրքիա), Սբ Անտոնիոս Պադուացու տաճարը, Էքստրեմադուրան (Իսպանիա), Վենետիկյան ծովածոցը (Իտալիա), Կամպուս Հիոսը (Հունաստան), Հելսինկի-Մալմի օդանավակայանը (Ֆինլանդիա) և Քոլբերի բացվող կամուրջը Դիեպում (Ֆրանսիա):

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am