Դուդուկը մշտական և ընդլայնվող գործառույթ ունի ազգային մշակույթի գրեթե բոլոր բնագավառներում` ազգային երգարվեստի, պարարվեստի, երաժշտարվեստի: Դուդուկի երաժշտությունն այսօր շարունակում է մնալ ավանդական ժողովրդական համույթների երգացանկում: Վերջին տարիներին դուդուկը լայն կիրառություն է ստացել նաև ժամանակակից դասական երաժշտարվեստում, էստրադային երգարվեստում և պարարվեստում: Դուդուկը ներմուծվել է նաև ջազային արվեստ և օգտագործվելով ֆոլկ-ջազի սինթեզման փորձարկումներում` ստացել հետաքրքիր լուծումներ ու մեկնաբանություններ:
Դուդուկի օգտագործումը հայ ժողովրդական երաժշտարվեստում, երգարվեստում և նվագարանային կատարողական արվեստում համարվում է ամենակենսունակը: Այն պահպանվում է ոչ միայն պետական աջակցության շնորհիվ, այլև մեծ է հասարակության մեջ այս տարրի նկատմամբ հարգանքն ու արժևորումը:
Դուդուկի երաժշտությունը, որպես սոցիալական, կենցաղային պարտադիր տարր, ուղեկցում է հայ ժողովրդին տոնախմբությունների, հարսանեկան ծեսերի, սգո ու վշտի արարողությունների ժամանակ: Նրա սոցիալական գործառույթն ինչպես դարեր առաջ, այնպես էլ այսօր պահպանվում է և հայ ժողովրդի կողմից ընկալվում որպես ազգային ինքնության բաղադրիչ:
Դուդուկը հնչում է գրեթե ամեն օր` հեռուստառադիոհաղորդումներում, ֆիլմերում, ինչպես նաև համերգային ծրագրերում:
Շնորհիվ միջազգային ճանաչման և համբավի մեծացել է մատաղ սերնդի ներկայացուցիչների ոգևորությունն ու մղումը դեպի դուդուկը: Տարրի ներառումը ցանկում զգալիորեն խթանել է արտասահմանյան երկրներում բնակվող հայերի ազգային ինքնության պահպանության զարթոնքը:
Հայկական դուդուկը սկսեց լայն կիրառում ստանալ նաև տարբեր երկրների տեղական և համաշխարհային ճանաչում ունեցող նվագախմբերի կողմից: Մի շարք երկրների մշակութային կազմակերպություններ պարբերաբար կազմակերպում են դուդուկի կատարողական վարպետության դասեր: Մասնավորապես 2009 թվականից Գևորգ Դաբաղյանը Ամստերդամում և Վալանսում անց է կացնում ամենամյա վարպետության դասեր: Միջազգային մեծ ճանաչում են ձեռք բերել անվանի կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանի դուդուկի համար գրված ստեղծագործությունները, որոնք 2007-2012 թվականներին հնչել են Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում աշխարհահռչակ այնպիսի նվագախմբերի կողմից, ինչպիսիք են Բոստոնի սիմֆոնիկը, Մոսկվայի սոլիստները, Սիցիլիայի և Իրկուտսկի ֆիլհարմոնիկ նվագախմբերը: Այս համերգային ծրագրերում իրենց կատարումներով հանդես են եկել անվանի դուդուկահարներ Գևորգ Դաբաղյանը, Էմմանուել Հովհաննիսյանը, Ջիվան Գասպարյանը:
http://www.unesco.org/culture/ich/en/RL/duduk-and-its-music-00092