Search

Գոհար Գասպարյանի 95-ամյակը նշանավորվեց երգչուհուն նվիրված համերգային ծրագրով

Հայ օպերային արվեստի մեծագույն վարպետ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Գոհար Գասպարյանի 95-ամյա հոբելյանի կապակցությամբ Երևանի պետական կամերային երգչախմբի մենակատարները կատարեցին Ջակոմո Պուչինիի, Պյոտր Չայկովսկու, Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Արմեն Տիգրանյանի, Վիլյամ Վայների և այլ կոմպոզիտորների գործեր:

Համերգային երեկոն անցկացվեց հունվարի 31-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

«Գոհար Գասպարյանը բացառիկ էր: Նա իրապես արժանի է այն բոլոր գովեստներին, որոնք ասվել են նրա հասցեին: Ես բախտ եմ ունեցել ապրել այն ժամանակներում, երբ Գասպարյանը կենդանի էր, անգամ նրա հարևանն եմ եղել: Նրա հետ կապված լավ հիշողություններ ունեմ»,- նշեց երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Հարություն Թոփիկյանը:

Նրա խոսքով` մենակատարներից յուրաքանչյուրը մեծ պատասխանատվությամբ է իր կատարումը նվիրում Աստծո կողմից մեծ շնորհով օժտված երգչուհուն:





Թոփիկյանը հիշեցրեց, որ այս տարի նաև Արաքս Դավթյանի հոբելյանն է: «Տոնելու ենք նաև նրա ծննդյան օրը»,-շեշտեց նա:

Որպես մենակատարներ հանդես եկան սոպրանոներ Թամարա Մոսինյանը, Մաքրուհի Խաչատրյանը, Հռիփսիմե Սուքիասյանը, Ջեննի Նազարյանը, տենորներ Մերգելոս Ամիրխանյանը, Տիգրան Հակոբյանը, Գագիկ Հարությունյանը, Արթուր Պողոսյանը, բարիտոն Անդրանիկ Մալխասյանը և դաշնակահար Տիգրան Մեսրոպյանը:

Երգչուհի Գոհար Գասպարյանին անվանել են «հայկական սոխակ»: Նա եղել է կոլորատուրային սոպրանո, ունեցել է ձայնային լայն դիապազոն, հրաշալի տեխնիկա: Նրա ձայնն առանձնացել է ճկունությամբ, երանգների ճոխությամբ, անցումների թեթևությամբ: Նրան հատուկ է եղել կատարվող ստեղծագործությունների գաղափարական-գեղարվեստական բովանդակության խոր դրսևորումն ու համոզիչ իմաստավորումը: Հանդես է եկել բազում օպերաներում: Գոհար Գասպարյանի բազմաթիվ աշակերտներ դարձել են համաշխարհային լավագույն բեմերի մեներգիչներ: Երգչուհին 1953 թվականին արժանացել է Հայաստանի, 1956-ին` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման, 1996 թվականին նա արժանացել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի:

Աղբյուրը՝ https://armenpress.am

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am