Search

Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլ

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նախարարի տեղակալ Արև Սամուելյանի և Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի ուղեկցությամբ՝ ս. թ. հունվարի 17-ին, Գյումրիում էր՝ տեղում գնահատելու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վերականգնման և տարածքի բարեկարգման ավարտական փուլի ծրագիրը։

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով, Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին՝ 2018 թ. դեկտեմբերին, պետք է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու ներքին հարդարման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներն ավարտված լինեն:

Եկեղեցին գտնվում է Գյումրի քաղաքի կենտրոնում. կառուցվել է 1860-1873 թվականներին: Շինության ճարտարապետն է Թադևոս Անդիկյանը: Ամենափրկիչ եկեղեցին ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի նշանակալից ճարտարապետական կառույցներից է: Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ունի մեծ օղակաձև պատուհաններ, իսկ արևմտյան կողմից կցված է զանգակատունը: Եկեղեցու հարուստ հարդարանքն առանձնանում է զարդաքանդակներով: Ժամանակի ընթացքում եկեղեցու գմբեթը և զանգակատունը քանդվել են: 1964 թվականին քաղաքի գլխավոր ճարտարապետ Ռաֆայել Եղոյանը վերականգնել է զանգակատունն իր նախկին տեսքով: Եկեղեցական կառույցը դիմակայել էր 1926 թվականի երկրաշարժին, սակայն անզոր գտնվել՝ 1988 թվականի աղետին: 90-ական թվականների սկզբին հիմնվել է «Ամենափրկիչ» հիմնադրամը` եկեղեցու, ինչպես նաև մի շարք այլ պատմական հուշարձանների վերականգման նպատակով: Եկեղեցին վերականգնվել է ՀՀ կառավարության հատկացրած, ինչպես նաև մի շարք բարերարների նվիրաբերած միջոցների հաշվին: Վերականգնման աշխատանքները տևել են ավելի քան 20 տարի: 2002 թվականից եկեղեցու վերականգման աշխատանքների ծախսերը հոգացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։

2014 թվականին եկեղեցու արտաքին տեսքը վերականգնվել է։ Նույն տարում օծվել և տեղադրվել են եկեղեցու խաչերը։ Նոր կառույցի վերականգնման ընթացքում օգտագործվել են նախկին կառույցից պահպանված քարերը: Սակայն եկեղեցու գմբեթը, որը երկրաշարժի ժամանակ ճաքել և ցած էր ընկել` ամբողջությամբ պահպանված, վերականգնման ենթակա չէր: Այնուամենայնիվ, այն պահվում է եկեղեցու բակում: Եկեղեցու պատերն ամրակայվել են երկաթբետոնե կառուցվածքներով: Ինչպես հավաստիացնում են մասնագետներն այս մոնոլիտ կառույցը մի քանի հարյուրամյակ դեռևս կմնա կանգուն: