Search

Գյումրիում իրականացվում է «Թաղիքագործության դպրոցի հիմնում Մեղվիկում» ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Մեղվիկ մանկապատանեկան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքում իրականացվում է «Թաղիքագործության դպրոցի հիմնում Մեղվիկում» ծրագիրը:

Ծրագրի շրջանակում Գյումրի համայնքում հիմնվել է թաղիքագործության դպրոց: Դպրոցում գործում է 3 դասարան:

Դասընթացներին մասնակցում են 30 կանայք և աղջիկներ, որոնք տեսական և գործնական գիտելիքներ են ձեռք բերում թաղիքագործության մշակման վերաբերյալ՝ թաց թաղիք, չոր թաղիք, տեղական բրդի մշակում, արտադրանքի ստացում, գունային համադրումներ, զարդանախշման տեխնիկա և այլն:

Ծրագրի ընթացքում մասնակիցները սովորում են պատրաստել կիրառական առարկաներ՝ հողաթափեր, գլխարկներ, ուլունքներ, կախազարդեր, բրոշներ, վարսակալներ, պայուսակներ, վզնոցներ, ապարանջաններ, շարֆեր և այլ աքսեսուարներ: Լավագույն աշխատանքները կցուցադրվեն դասընթացի ավարտին տեղի ունեցող ցուցահանդես վաճառքին:

Ծրագրի հիմնական նպատակն է նպաստել ՀՀ Շիրակի մարզում մոռացության մատնված թաղիքագործության արհեստի վերականգնմանն ու զարգացմանը, մասնագիտություն չունեցող կանանց և աղջիկների մասնագիտական կողմնորոշմանը, աշխատանքով ապահովմանը: