Search

Բրեմենում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը

Ս. թ. մայիսի 9-ին Գերմանիայի Բրեմեն քաղաքում կբացվի ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանի անհատական ցուցահանդեսը,  որը կգործի մինչև ս. թ. օգոստոսի 7-ը։ Կցուցադրվեն շնորհալի վարպետի շուրջ 50 ասեղնագործ աշխատանքներ։ Ժողովրդական վարպետ Արմինե Խաչատրյանը արդի շրջանի լավագույն ստեղծագործողներից է, ում աշխատանքներն առանձնանում են ավանդականի և նորի զուգորդմամբ, հայկական արվեստին բնորոշ ինքնատիպությամբ ու ճաշակով։ Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի հնագույն տեսակներից է և հայկական ասեղնագործ արվեստը մեծ տեղ է գրավում ոչ միայն ազգային գեղարվեստական մշակույթում, այլև կարևոր ներդրում է համաշխարհային արվեստի գանձարանում: Ասեղնագործուհի Արմինե Խաչատրյանն այդ հնամենի ավանդույթների կրողն ու շարունակողն է։ Նրա ստեղծագործությունները յուրօրինակ են. տարբերվում են զարդանախշերով, զարդակարերով, կատարման տեխնիկայով, գույներով և ոճով, որոնցում առկա են երկրաչափական, բուսական, կենդանական ձևերի պարզ ու բարդ զուգորդումներ: Դրանք ձևով և գունային լուծումներով աղերսներ ունեն հայկական որմնանկարչության, մանրանկարչության, քարի ու փայտի գեղարվեստական փորագրության, արծաթագործության և խաչքարագործության հետ: Արմինե Խաչատրյանը «Արար». ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագրի շրջանակում գործող լավագույն դասավանդողներից է, որի նշանակալի ներդրումը ՀՀ Արմավիրի մարզի Հացիկ, Խանջյան և Մյասնիկյան համայնքների ձեռագործ սովորող աղջիկներին ու կանանց իր վարպետության գաղտնիքների անմնացորդ նվիրումով ու սիրով փոխանցումն է։ Հայ կնոջ համար ասեղնագործությունը գեղեցիկի չափանիշ է, սեփական հմտության ու վարպետության արտահայտություն: Արմինեի գործունեության շնորհիվ բազմաթիվ աղջիկներ և կանայք առնչվում են հայկական ասեղնագործության ավանդական արվեստի նրբահյուս հմտությանը, բացահայտում՝ իրենց անհատականությունն ու հոգեկան ներդաշնակությունը։

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am