Search

Արցախ. երեխան և հավատալիքները

Երբ հարսը երեխա չէր ունենում, ուխտի էր գնում Սբ Սարիբեկ, Ամարասի Սբ Գրիգորիս, Սարուշենի Ավետարան, Սզնեքի Սբ Հովհաննես և այլ սրբատեղիներ: Երբ տանը երեխա էր ծնվում, երդիկից հավկիթ էին ներս գցում՝ որպես կյանքի սաղմի՝ սկզբի խորհրդանիշ: Երևակայական չարքերին երեխայից հեռացնելու համար օդ էին կրակում և մի լավ աղմկում: Այնուհետև՝ առ Մարիամ Աստվածածին աղոթելով, տատմայրը լողացնում էր ծննդկանին: Իսկ երեխային լողացնելուց հետո աղ էր ցանում վրան, փաթաթում և երեք անգամ խաչակնքում էր: Հնում արցախցիները հավատում էին, թե աղը մաքրագործում է, սրբագործում և պաշտպանում է ամեն տեսակի չարից: Մի շատ տարօրինակ սովորույթ էլ կար, եթե երեխան նիհարում էր, կամ անվերջ լալիս, նրան լողացնում էին կատվի, կամ էլ հայրիկի գուլպաների վրա: Եթե դա էլ չէր օգնում, երեխայի ոտքերը լվանում էին սպանված մարդու գերեզմանի վրա: Նրա շուրջ մի քար էին պտտեցնում, ապա նույն գերեզմանի մոտ, հողի մեջ հավկիթ և մեխ էին դնում ու հեռանում: Երեխայի եղունգներն առաջին անգամ կտրում էին ոսկու կամ արծաթի վրա, որպեսզի նրա ձեռքերը հետագայում միշտ ոսկու և արծաթի մեջ լինեին: Ատամհատիկի ժամանակ, բացի այն, որ երեխայի գլխին շաղ էին տալիս չամիչով խառնված եփած հատիկավորներ, նրա առջև դնում էին նաև դանակ և հայելի: Եթե փոքրիկը դանակն էր վերցնում, նշանակում էր հաջորդ զավակը տղա էր լինելու, եթե հայելի՝ ապա աղջիկ: