Search

Արցախի գանձերը. Արցախի գորգագործական մշակույթը

Արցախը պատմական Հայաստանի գորգագործական մշակույթի առանցքային կենտրոններից մեկն է։ Գրավոր սկզբնաղբյուրների վկայություններն ու մինչ մեր ժամանակները պահպանված գորգերն ու գորգապատկերները հնարավորություն են տալիս եզրակացնել, որ գորգը, լինելով վերնախավային մշակութային արժեք, մինչ XVIII դարի վերջերը գործում էին Արցախի իշխանական տներին ու խոշոր վանքերին կից գոյություն ունեցած արհեստանոցներում, իշխանանիստ ու նաև դրանց մերձակայքում եղած գյուղերում։ Այդ արհեստանոցներում էլ ստեղծվել են արցախյան հանրահայտ դասական վիշապագորգերը, և դրանցից բացի շուրջ հարյուր հիսուն տիպի գորգեր։

Այդ բոլոր գորգերն էլ ունեն իրենց բազմաթիվ տարբերակները։ XIX դ․ գորգերի պահանջարկի կտրուկ ավելացման պայմաններում Արցախում, ինչպես նաև գորգագործական ավանդույթներով հարուստ այլ տարածաշրջաններում, գորգագործությունը դառնում է համատարած զբաղմունք, ու դրանից հետո է, որ գործվում ու վաճառահանվում էին ավանդական գորգերի տասնյակ հազարավոր նմուշներ։

Գորգագործական մշակույթի արցախյան ավանդույթները, հատկապես, XVII- XVIII դարերի ընթացքում, տարբեր ճանապարհներով /տեղի բնակչության տեղաշարժեր, ավարառություն, եկվոր քոչվորական ցեղերի կողմից գորգագործության տեխնոլոգիաների և տարածաշրջանին բնորոշ գորգերի գեղազարդման համակարգերի յուրացում և այլն/ տարածում են գտել հարավ-արևելյան Կովկասի, հյուսիս-արևմտյան Իրանի ու Փոքր Ասիայի հայաբնակ վայրերի գորգագործական կենտրոններում։ Ընդհանուր առմամբ, արցախյան գորգարվեստի հետքերը ակնհայտ են Առաջավոր Ասիայի գորգագործական կենտրոնների մեծ մասում։

Արցախյան գորգերին բնորոշ գեղազարդման համակարգերը աչքի են ընկնում հենց գեղազարդման տարրերի մատուցման առանձնահատկություններով, գուներանգների հարստությամբ ու դրանց ներդաշնակ մատուցմամբ։ Դրանք բնորոշվում են հիմնական հորինվածքների և գեղազարդման մանրամասերի ոճավորվածությամբ, որով էլ խորհրդանշում են որոշակի ծիսապաշտամունքային գաղափարներ ու պատկերացումներ։ Այսինքն՝ սոսկ զարդանախշեր չեն, այլ անմիջականորեն առնչվում են հայոց ծիսապաշտամունքային համակարգերին, ներկայացնում են որոշակի մտածելակերպ ու սկզբունքներ։

Արցախյան գորգերն առանձնանում են նաև կատարման տեխնոլոգիաների բարձր մակարդակով։ Պատահական չէ, որ մինչ մեր ժամանակները պահպանված հայոց գորգերի մի մասը վերաբերում են հենց Արցախի գորգագործական կենտրոններին։ Այդպիսինն են 1202 թվականին գործված «Եռախորան», 1680 թվականին ստեղծված «Գուհար», 1731 թվականին ստեղծված «Գանձասար» գորգերը։ 13-րդ դարի արցախյան գորգարվեստի ավադույթներն են ներկայացնում 1211 և 1223 թվականներին Տավուշում և Հյուսիսային Արցախում ստեղծված ավետարանների մանրանկարներում տեղադրված խորանազարդ գորգապատկերները։

Առայժմ բացահայտված է արցախյան գորգագործական կենտրոններին բնորոշ գորգերի շուրջ 120 տիպ։ Արցախի և ընդհանրապես հայոց գորգագործական մշակույթի ուսումնասիրումը, գիտականորեն արժևորումն ու առաջավորասիական գորգարվեստի համակարգում դրա նշանակության ու տեղի մատնաշումը հարատև գործընթացների ամբողջություն է։




(Պատմական գիտությունների թեկնածու, գորգագետ Աշխունջ Պողոսյան).

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am