Search

«Արի պարի քոչարի» համահայկական ֆլեշմոբ

Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում գործող «Արի պարի քոչարի» նախագծի կազմակերպիչները 2020 թվականի մայիսի 30-ին կրկին հրավիրում են մասնակցելու «Արի պարի քոչարի» խորագրով համահայկական հերթական ֆլեշմոբին: Առաջին անգամ այն իրականացվել է 2018 թվականի մայիսին, մեծ հնչեղություն է ունեցել ու հազարավոր մասնակիցներ Հայաստանում և հայկական սփյուռքի տարբեր գաղթօջախներում: 2019 թվականին ֆլեշմոբին մասնակցել են 35 երկրների շուրջ 150 խմբեր։

Այս տարի ֆլեշմոբը նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակն է՝ բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին և ոչ միայն քոչարի պարը, այլև հայոց դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։

Միջոցառման իրականացումը կարևորվում է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում դուդուկ երաժշտական նվագարանի և քոչարի ավանդական խմբապարի գրանցումների հանգամանքով։ Հայտնի է, որ հայկական քոչարին շատ տարբերակներ ունի և այս տարի, որպես մասնակցության առաջնային պար, ընտրվել են Մշո և Սղերդի քոչարիները. զուգահեռ խրախուսվում են ավանդական քոչարու այլ տարբերակների կատարումները ևս։

Կազմակերպիչները հրավիրում են ժողովրդական նվագարանների և պարային խմբերին, մշակութային տարբեր կազմակերպություններին՝ քոչարի պարի և դուդուկի կատարումներով միանալու միջոցառմանը։

«Արի պարի քոչարի» ֆլեշմոբի մանրամասներին կարելի է ծանոթանալ և մասնակցության նպատակով գրանցվել հետևյալ հղումով՝ http://www.aripariqochari.com/: