Search

«Արար» ծրագիրն՝ առցանց ձևաչափով


ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Արար. ՀՀ մարզերում ազգային մշակույթի պահպանման, տարածման, զարգացման և հանրահռչակման» ծրագիրը շարունակում է իրականացվել առցանց ձևաչափով՝ սոցիալական ցանցերի (YouTube, Facebook, Instagram) միջոցով ներկայացնելով ուսուցիչների դասընթացները և աշակերտների տնային աշխատանքները։

Ամառային արձակուրդների օրերին էլ ծրագիրը շարունակում է գործել լիարժեք։ Դպրոցականներն ակտիվ ներգրավված են ոչ նյութական մշակութային ժառանգության ուսուցմանն ուղղված ստեղծագործական դասընթացներին։ Վերջին ամիսների ընթացքում առցանց դասերի դիտումների թիվը հատել է 70.000-ը։

Բացի վերոնշյալ դասընթացներից, ծրագրում ընդգրկված տարբեր համայնքների և խմբերի երեխաներ հասցրել են արդեն մասնակցել առցանց երեք ցուցահանդեսների («Նվիրված Մեծ Եղեռնին», «Հաղթական մայիս», «Մայիսյան եռատոն»), ինչպես նաև միջազգային չորս միջոցառումների՝ մրցույթների, փառատոների, ֆլեշմոբերի և արժանացել մրցանակների (ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների միջազգային մրցույթ, «Արթ մյուզիք» արվեստի միջազգային 9-րդ փառատոն, «Ավանդույթի ժառանգորդները» Ռուսաստանի փառատոն, «Արի պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ)։

«Արար» ծրագիրն՝ առցանց ձևաչափով

Նշենք, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ 5 մարզերի 26 համայնքներում: 19 ստեղծագործական խմբերում տեղաբնակ 12 մասնագետներ դասավանդում են ավանդական երգ ու պար, կերպարվեստ, գորգագործություն ու կարպետագործություն, ժանեկագործություն ու ասեղնագործություն, խեցեգործություն, քարի, փայտի և մետաղի գեղարվեստական մշակում և խաչքարագործություն։

Ծրագրի նպատակն է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանումն ու տարածումը ՀՀ մարզերում, հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության հանդեպ հասարակության հոգածության և հարգանքի  արմատավորումը, ինչպես նաև սերունդներին այդ ժառանգության փոխանցման ապահովումը:

Ծրագրին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UCM7iMqLtIlKD174Yx1OGB3A?fbclid=IwAR1xzprnreO0rclDhlbDb-CpmomJZeJyFbe95nBufHn2sBW1e95lyBXxwiU

Մասնակցությունն անվճար է, կարելի է գրել ծրագրի ֆեյսբուքյան էջին ( ARAR Armenian Art Center ԱՐԱՐ հայ արվեստի պահպանման և հանրահռչակման ծրագիր ֆեյսբուքյան էջը) կամ զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ 077 752 929։

ՀՀ ԿԳՄՍ նախարարություն

#Արար #ՀՀԿԳՄՍնախարարություն #ոչնյութականմշակութայինժառանգություն