Search

Ասեղնագործությունը Հայաստանում

Ասեղնագործությունը դեկորատիվ-կիրառական արվեստի տեսակ է, ասեղով (երբեմն՝ հելունով) կամ ասեղնագործող մեքենայով բամբակե, վուշե, մետաքսե, բրդե թելերով (հաճախ՝ գունավոր), զանազան գործվածքների, կաշվի, թաղիքի վրա տարբեր կարերով ստեղծված պատկեր (զարդապատկեր, սյուժետային կոմպոզիցիա, դիմանկար): Երբեմն օգտագործվում են ուլունքներ, մարգարիտ, թանկարժեք քարեր, ոսկեթելեր, դրամներ և այլն: Կտորը կտորի վրա դրվող վերադիր ասեղնագործության ժամանակ օգտագործում են գործվածքներ, մորթի, թաղիք, կաշի: Ասեղնագործությունը կիրառվում է հագուստը, կենցաղային առարկաները զարդարելու, դեկորատիվ պաննոներ ստեղծելու համար: ասեղնագործությունները բաժանվում են երկու խմբի՝ կտորի վրա կատարվող ասեղնագործություն և թելքաշ կտրտովի ասեղնագործություն: Ասեղնագործության ծագումը շատ հին է: Սկզբում օգտագործել են բույսի փշերից կամ ձկան ոսկորից, ապա՝ փայտից, փղոսկրից, այնուհետև՝ մետաղից պատրաստված ասեղներ:

Հին հայկական ասեղնագործության մասին հիշատակում են Ագաթանգեղոսը, Մովսես Խորենացին և այլ պատմիչներ: Ասեղնագործությունը բարձր մակարդակի է հասել միջնադարյան Հայաստանում և զարգացել է երեք ուղղությամբ՝ ժողովրդական (գեղջկական տարազ), քաղաքային (առևտրաարհեստավորական կենցաղ) և եկեղեցական: Ասեղնագործությունը տարածված է եղել հայկական բոլոր շրջաններում, առավելապես՝ Վան-Վասպուրականում, Շիրակ-Կարինում, Սյունիք-Արցախում, Արարատյան երկրում, Կեսարիայում, Կիլիկիայում, Թիֆլիսում և Կ.Պոլսում: Հայկական ասեղնագործության փայլուն նմուշներ են ստեղծվել Ղրիմում, ԱՄՆ-ում և այլուր: Ազգային միասնական ոճի սահմաններում յուրաքանչյուր դպրոց զարգացրել է  ասեղնագործության իր ձևերն ու տեսակները: Հայտնի է Վանի, Մարաշի, Այնթապի, Կարինի, Ուրֆայի. Տարսոնի և այլ դպրոցների ասեղնագործություն: Տարածված զարդաքարերից են շարակարը (շուլալկար), աուղակարը (ցողունակար), հարթակարը (լիցք, ուռուցիկ, համրովի, գծային), շղթայակարը. խաչկարը, խաչմերուկ կարը, կողյակարը. օղակարը, թելքաշները և այլն:

Աղբյուր՝ http://www.armeniaculture.am/am/Encyclopedia_aseghnagortsutyun

#Ասեղնագործություն #արհեստներ