Search

Ազգային պարեր․ «Գյոնդ»

«Գյոնդը» հայ ազգային պարանմուշ է։ «Գյոնդ» կամ «Գյովընդ» բառերը ծագել են «գունդ» բառից և խորհրդանշում են մարդկանց հավաքույթ, գունդ, ժողով։ Ելնելով պարի անվան նշանակությունից կարելի է եզրակացնել, որ այն կոլեկտիվ և մասսայական պար է, որին կարող էին մասնակցել ավելի քան հարյուր մարդ։

Հայ ժողովրդի կոլեկտիվ պարերը, որոնք կատարվում էին ձեռքերը բռնած, կոչվում են «Ծանդր գյոնդեր»։ Այս պարերում տեղաշարժը կատարվում է հիմանականում դանդաղ՝ տեմպի չափավոր արագանալու առկայությամբ։ «Երկու գնալ, մեկ դառնալ» նշանակում է, որ պարը տեղաշարժվում է երկու քայլ աջ և մեկ քայլ ձախ։ «Դառնալ» կամ «վերադառնալ» նշանակում է գնալ դեպի ձախ։

Հնում «ձախ» բառը արգելված է եղել, քանի որ այն խորհրդանշում էր ձախորդություն և այդ պատճառով օգտագործում էին «դառնալ» բայը։ Այսպիսով, երկու աջ գնացող քայլերի շնորհիվ և չնայած պարի ձախ դարձող քայլին, ընդհանուր պարը շարժվում է աջ՝ դեպի հաջողություն, խորհրդանշելով ձգտումը դեպի դրականին։ Պարի տևողությունը մեծ է։ «Գյոնդի» տեսակներն են ՝ «ծանդըր գյոնդ», «ծանդըր գյոնդ կոտրոցի», «ծանդըր գյոնդ կոտրոցի ճկոտախաղ»։ Առաջին երկու պարերում պարողները բռնում են ձեռքի ափերով, պահելով ներքև, իսկ երրորդում արմունկները ծալում են տարբեր անկյուններով և բռնում ճկույթներից։ Պարում մեծ նշանակում ունի ծնկների ծալելը, որը կատարվում է զանազան խորությամբ և ռիթմով (կոչվում է կոտրոցի)։ Պարի շարժման հաջորդականության «Գյոնդի» կատարման ձևերից են՝ «երկու գնալ՝ մեկ դառնալը» և «երկու գնալ՝ երկու դառնալը»։

Պարն ուղեկցվում է նվագակցությամբ՝ զուռնա-դհոլ, պարկապզուկ, դուդուկ։ Պարի ընթացքում կարող են հաջորդափոխվել տարբեր պարերգեր։ «Գյոնդը» տարբեր շրջաններում ունեցել է այլ անվանումներ, օրինակ՝ Ալաշկերտում «դուրան պար»։

#Գյոնդ #Ազգայինպարարվեստ

Հեռ.՝ (010) 599 629
Հասցե՝ 0010, Երևան Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2
Էլ-փոստ՝ info@escs.amsecretariat@escs.am