ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քառաձայն վիշապերգ

Հարգելի հետևորդներ և արվեստասերներ, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպում է ցուցահանդես՝ նվիրված Արցախյան «Խնձորեսկ» տես...

Զրույց հայկակական ժամանակակից գորգարվեստի մասին

«Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամը կազմակերպում է այս տարվա առաջին զրույց-բանախոսությունը, որը վերաբերում է հայկակ...

Թաղիքի փառատոն Գավառում

Գորգեր, հագուստ, աքսեսուարներ, տիկնիկներ ու այլ իրեր՝ պատրաստված թաղիքից` մամլված բրդից:

Փառատոնի ընթացքում բրդե տիկնիկներ են պատրաստում։

«Թաղիքագործության խմբակին 3 ժամ հաճույքով մնում ենք դպրոցում»,- ասում է 8-րդ դասարանի աշակերտուհի Էլենն ու ընկերների հետ շարունակում այցելուներին սովորեցնել բրդից տիկնիկներ պատրաստել:

Այդ ընթացքում միջոցառման մասնակիցները սովորում էին  «Քեչին վրեն» պարը, նրանց օգնում էր «Մասունք» ազգային երգի և պարի համույթը:

Փառատոնը նախաձեռնել է «Կենաց տուն» մշակութային հասարակական կազմակերպությունը:Կազմակերպության տնօրեն, թաղիքագործ Լալա Մնեյանի հիշողությունները թաղիքի վերաբերյալ գալիս են դեռ մանկուց, երբ Գավառում բնակվող իր տատիկի և պապիկի տանը հեքիաթներ էր լսում՝ թաղիքից գործած  գորգի` քեչայի վրա նստած:

«Փառատոններն անցկացվում են այն վայերում, որտեղ ամենից շատ են պահպանվել թաղիքագործության ավանդույթները: Առաջին փառատոնը Գավառում տեղի ունեցավ:  Իսկ Լոռիում, օրինակ, շատ քիչ հետքեր կան, բայց աստիճանաբար Հայաստանի բոլոր վայրերում էլ կանցկացվեն միջոցառումներ»:

Տիկին Մնեյանն ասում է, որ ցանկացողների համար թաղիքից պատրաստված իրեր գնելը գուցե ոչ միշտ է հնարավոր, բայց մարդիկ փորձում են օգտվել բնական հումք ունեցող, էկո իրերից: «Վաճառքի համար նախ պետք է ճանաչելի դառնա թաղիքը, մենք այդ խնդիրն ունենք»:

Փառատոնի ընթացքում տեղի ունեցավ «Ավանդության ոգին» նորաձևության ցուցադրությունը: Զգեստների մի մասի հեղինակ, թաղիքագործ-դիզայներ Նունե Չուխաջյանը մասնագիտությամբ բժիշկ է և արդեն 3 տարի է՝ բժշկությունն ու թաղիքագործությունը համատեղում է․

«Պատահական համացանցում հոլովակ տեսա, ու ինձ շատ հետաքրքրեց: Քանի որ մանկուց կարել եմ, գործել, ինձ համար այս աշխատանքը այդքան դժվար չէր»:

Դիզայների ներկայացրած հագուստները տարբեր տարիների են կարվել. «Օրինակ` այս պայծառ գույներով հագուստը հեղափոխության օրերին եմ պատրաստել` նրանից ոգեշնչված, և հագուստի աշխատանքային անունն էլ «Հաղթանակ» էի դրել»:

Նունե Չուխաջյանի խոսքով՝ եթե մարդ մի անգամ դիպչում  է թաղիքին և ինչ-որ բան ստեղծում, հետո շատ դժվար է լինում հետ կանգնել:

Փառատոնին ներկա էր նաև հունգարացի թաղիքագործ Իշտվան Վիդակը, ով առաջինն է քայլեր արել Եվրոպայի ժամանակակից թաղիքագործության ոլորտում:

Թաղիքագործը բացման արարողության ժամանակ խոսեց հայկական մշակույթի մասին, նշեց՝ հայերը պետք է հպարտ լինեն՝ շատ ասպարեզներում առաջատար լինելու համար, և այդ ոլորտներից մեկը հենց թաղիքագործությունն է:

Իշտվան Վիդակը ոլորտում իր ունեցած փորձի մասին պատմեց «Թաղիքագործության մասին» սեմինարի ընթացքում:

Այցելուների թվում էր նաև երգահան, երաժշտագետ Արթուր Շահնազարյանը:

«Մենք այն բացառիկ ժողովուրդն ենք, որ պահել է հացի արարման մասին բոլոր երգերը, և թաղիքի պատրաստման մասին նույնպես ունենք երգեր, որոնցից մեկն է պահպանվել»,- ասաց երաժշտագետն ու կատարեց թաղիք ծեծելուն նվիրված երգից մի հատված:

Կազմակերպիչներն ասում են, որ Թաղիքի փառատոն անցկացնելու նպատակն է ծանոթացնել հանրությանը հայկական թաղիքագործության ավանդույթներին և կենսունակությանը, նպաստել դրանց ճանաչմանը և արդի դրսևորումներին։

Այն նվիրված էր նաև Հայոց ազգագրության ազգային թանգարանի 41-ամյակին: Փառատոնի ողջ ընթացքում թանգարանի բակում ընթանում էր թաղիքե իրերի տոնավաճառ-ցուցահանդես: