ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Քառաձայն վիշապերգ

Հարգելի հետևորդներ և արվեստասերներ, «Ժողովրդական արվեստի հանգույց» հիմնադրամը կազմակերպում է ցուցահանդես՝ նվիրված Արցախյան «Խնձորեսկ» տես...

Զրույց հայկակական ժամանակակից գորգարվեստի մասին

«Ժողովրդական Արվեստի Հանգույց» կրթամշակութային հիմնադրամը կազմակերպում է այս տարվա առաջին զրույց-բանախոսությունը, որը վերաբերում է հայկակ...

Արհեստներ

Հայաստանում վաղ անցյալում տարածված էին տնային արհեստները, իսկ զարգացած ավատատիրության ժամանակ՝ շուկայական արհեստները, որոնք գոյատևել են նաև կապիտալիստական խոշոր արդյունաբերության պայմաններում և հասել մեր օրերը: Շուկայական արհեստներով զբաղվող հմուտ արհեստավորները ստեղծել են բարձրորակ, հաճախ նաև բարձր արժեք գեղարվեստական արտադրանք: Առավել հին են մորթու, կաշվի արտադրանքի, կավագործական իրերի, փայտի վերամշակման արհեստները: Հայաստանում մ. թ. ա. VI–IV հազարամյակներից սկզբնավորված արհեստներից են կավագործությունը, քարգործությունը, փայտամշակությունը: Պղնձի, կապարի, անագի, երկաթի և ազնիվ մետաղների հանույթի ու մշակման, հալման և ձուլման տեխնիկայի կատարելագործմանը զուգահեռ զարգացել են մետաղագործական արհեստները՝ պղնձագործությունը, բրոնզագործությունը, դարբնությունը, զինագործությունը, ոսկերչությունը, պատրաստվել են գյուղատնտեսական գործիքներ (բահ, քլունգ, գութանի ու արորի խոփեր և այլն), կենցաղային իրեր (կաթսա, ճրագ, մոմակալ և այլն), զարդեր (մատանի, ականջօղեր, գոտի, ապարանջան և այլն): Մետաղագործության բազմաթիվ նմուշներ պահպանվել են մինչև մեր օրերը: Հնագիտական պեղումների ժամանակ Հայաստանում հայտնաբերվել են մեծ քանակությամբ ոսկե, արծաթե, բրոնզե առարկաներ: Քարի տարատեսակներով հարուստ Հայաստանում հնագույն ժամանակներից առավելապես զարգացած էին քարգործությունը. տները, ամրոցները, իջևանատները, եկեղեցիները, կամուրջները հիմնականում կառուցվել են քարից: Միջնադարում կատարելության են հասել նաև կրագործությունը, գաջագործությունը: Հայ շինարարները կրից և գիպսից պատրաստել են հատուկ զարդեր շենքերի ներսը նախշազարդելու համար: Անի և Դվին քաղաքների պեղումներով հայտնաբերվել են դրանց բազմաթիվ հետքեր: Համընթաց սկիզբ են առել նաև կավագործությունը (բրուտագործություն) և ապակեգործությունը, հախճապակու արտադրությունը, որը IX–XI դարերում զարգացման բարձր մակարդակի է հասել Անիում ու Դվինում, շարունակվել Կուտինայում (Թուրքիա): Կավագործ արհեստավորները զարգացրել են նաև շինարարական խեցեղենի՝ աղյուսի, կղմինդրի, փողրակների արտադրությունը: Դարերի խորքից են գալիս նաև ատաղձագործությունը, երկրագործական գործիքների, կահույքի արտադրությունը, նավաշինությունը, փայտի գեղարվեստական փորագրությունը և այլն: Հայաստանը հայտնի էր նաև իր գործվածքներով (բեհեզ, ծիրանի, կերպաս, թավիշ, դիպակ) ու կաշվեղենով, դրանք արտադրող արհեստներով՝ գզրարություն, մանածագործություն, մետաքսագործություն, բամբակագործություն, կտավագործություն, գորգագործություն, կարպետագործություն, թաղիքագործություն, կոշկակարություն, որոնց սերտորեն կապված էր ներկարարությունը: Պատմական Հայաստանի քաղաքներից շատերը որևէ արհեստի նշանավոր կենտրոններ էին: Արհեստավորներին ղեկավարել են տվյալ արհեստի շահերը պաշտպանող համքարությունները: Հայկական ավանդական շատ արհեստներ կենսունակ են նաև ներկայում, որոնք շարունակ կատարելագործվում և առավելագույնս մոտենում են արվեստներին: Դրանց մասին ավելի հանգամանալից կարելի է ծանոթանալ այցելելով մի շարք մշակութային պետական և հասարակական կազմակերպությունների կայքէջեր, ինչպիսիք են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնը, Փայտարվեստի թանգարանը, Ժողովրդական արվեստի «Հանգույցե հիմնադրամը, «Կենաց տունե հասարակական կազմակերպությունը և այլն: